Ասեմ ձեզ այն արդեն վերադառնում է. Արտակ Գալստյան

ՈՒՐԱՑՈՒՄԸ ԴԱ ՆԵՏՎԱԾ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է, ԱՅՆ ՀԵՏ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ

Աշխարհի հեղափոխությունների պատմությունները վկայում են, որ հեղափոխությամբ իշխանության եկածները տապալվում են, երբ տառապանքն ու պայքարը իրար հետ կիսած, թև թիկունքի տված, իրար հետ ճանապարհ անցած անձիք, իշխանության հասնելուց հետո պառակտվում են ներքին, կենցաղային հարցերի պատճառով:

Այդ ժամանակ սկսվում է հեղափոխության անցած ճանապարհի ուրացումը, հիշողության կորուստը: Բազմիցս ասել եմ, որ մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ, կմոռանաս անցյալդ, չես ունենա նաև ապագա, սա հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք չունի:

Հատկանշական է, որ ժողովրդի իրավունքի պաշտպանության կարգախոսով իշխանության եկածների մոտ, երբ սկսվում է վերը նշված հիշողության կորուստը՝ անցած ճանապարհի ուրացումը, նրանք առաջինը խախտում են մարդու իրավունքի ամենակարևոր տարրը, անմեղության կանխավարկածը, այն է, մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը հաստատված չէ դատավճռով:
Ցավոք այս նույն երևույթից չկարողացան խուսափել նաև մեր նոր հեղափոխականները:

Նույն իշխանության կողմից, հետագայում դավաճան որակված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մեղադրանք առաջադրեց հեղափոխության առանցքային դեմքերից մեկին՝ Դավիթ Սանասարյանին:
Մեղադրանքը պաշտպանեց, Սերժ Սարգսյանի հոգեզավակ, բազմաթիվ անձանց ապօրինի դատապարտման հանցակից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Այլ կերպ ասած, հեղափոխության հաղթանակից ամիսներ անց, երկու հակահեղափոխական մեղադրանք առաջադրեցին հեղափոխականին և արդյունքում, գրեթե ամբողջ հեղափոխական թիմը միանգամից ուրացավ նրան, իրենց ընկերոջը, ում հետ որ ճանապարհ էին անցել, պայքարել այդ նույն մեղադրանք առաջադրողների դեմ և հաղթել:

Ուրացան և խախտեցին անմեղության կանխավարկածը, իրենց հիշողության կորստով դե ֆակտո արձանագրեցին, որ Դավիթը մեղավոր է և թաթախված կոռուպցիայի մեջ: Սակայն ամբողջ հիշողության կորստի և ուրացման ճանապարհին, նրանք մոռացան նաև մի կարևոր հանգամանք, որ Դավիթը իրենցից մեկը օդից չէր դարձել:

Նա իրենց գաղափարակիցն էր, հոգով և սրտով, կիսում էր իրենց համոզմունքները և արժեհամակարգը, իսկ իրենք էլ Դավիթինը: Այդ փոխմբռնումը նրանց մոտ եղել է տարիներ շարունակ և այսօր, անմեղության կանխավարկածի խախտմամբ, անցած ճանապարհի ուրացմամբ, նրան մեղավոր ճանաչելով, իրենք դեֆակտո ընդունում են, որ իրենք էլ կոռուպցիայից հեռու չեն:

Ընդ որում այս պնդումը բացարձակապես պետք չէ, որ հաստատվի դատավճռով, բավական է ընդամենը, որ երկու Սերժի մնացորդ, որոնց որ հեղափոխականները օժտել են իշխանությամբ, իրենց մեղադրի դրա մեջ: Վաղը կրկին Դավիթի դատն է և կրկին նրա կողքին կլինեն իրեն սիրող և վստահող ընկերները և ոչ ոք իր հեղափոխական, իշխանության մեջ գտնվող ընկերներից, ում հետ որ Դավիթը ուս ուսի տված անցավ հեղափոխության ծանր ուղին և հաղթեց:

Հաղթեց որ ուրացվի:
Հաղթեց որ կրկին դառնա մեղադրյալ և կրկին իրեն մեղադրանք առաջադրի նույն Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանը, ով մեղադրանք էր առաջադրել այդ նույն Դավիթին դեռևս 2018թ-ին, Սերժի ռեժիմի դեմ պայքարելու և հեղափոխությանը ակտիվ մասնակցելու համար, այդ նույն Արթուր Դավթյանը, որին որ իբր հաղթել էր Դավիթը:

Ամփոփեմ ՝
Ես Դավիթի հետ ճանապարհ չեմ անցել, նրան տեսել եմ երկու անգամ, առաջին անգամ երբ նա Վարչապետի կոչով շրջափակել էր դատարանները, այն նույն դատարանները, որոնք այսօր դատում են նրան: Ես հավատում եմ որ նա անմեղ է, որովհետև ընտիր գիտեմ, որ նրան մեղադրանք առաջադրող և այդ մեղադրանքը պաշտպանող մարդիկ, ատում են հայ ժողովրդին և հեղափոխությունը:

Ավելացնեմ նաև, որ անցած ճանապարհի, կիսած աղ ու հացի, համատեղ պայքարի ուրացումը, դա նետված բումերանգ է, որը հետ է վերադառնում: Ընդ որում հետ է վերադառնում երկու անգամ ավելի ուժգին քան նետվել է:
Չնայած սա չէ կարևորը և սա չէ, որ ինձ դրդեց գրել այս տողերը:
Այլ այն, թե դուք այս ուրացումից հետո, ինչպես էք քնում, իրար երեսի նայում և արդյոք այս ամենին հանգիստ վերաբերվելուց, ձեր ընկերոջը ուրանալուց հետո, դուք չէք ուրանա նաև հեղափոխությունը և դրա արժեքները: Վայելեք կյանքը, առողջ եղեք, քանի դեռ ձեր իսկ նետված բումերանգը հետ չի վերադարձել:
Ասեմ ձեզ այն արդեն վերադառնում է:

Արտակ Գալստյան

Տարածեք